Երեց Բալլարդի ելույթը` նվիրված ավանդական ամուսնության կարևորությանը՝ Ընտանիքների համաշխարհային կոնգրեսին
Առաքյալը խոսում է միմյանց հասկանալու, սիրո և կարեկցանքի անհրաժեշտության մասին
Սոլթ Լեյք Սիթի
Երեց Մ. Ռասել Բալլարդը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից, երեքշաբթի առավոտյան ելույթ ունեցավ Ընտանիքների համաշխարհային իններորդ կոնգրեսին, որն անցկացվեց Սոլթ Լեյք Սիթիում: Մի քանի հազար մասնակիցներ էին հավաքվել քառօրյա ժողովին, որտեղ ելույթ ունեցան 185 խոսնակներ` գիտնականներ, հետազոտողներ և կրոնական առաջնորդներ:
«Հասարակությունը, օրենքը և հասարակական կարծիքը կարող են փոխվել, բայց մենք գիտենք, որ հասարակության կողմից ընդունված ընտանիքի օրինակը չի կարող և չի փոխարինի Աստծո նպատակին և Իր զավակների համար Նրա ծրագրին», - ասաց Երեց Բալլարդը իր բացման խոսքում` նախանշելով, թե «ինչպես է [մորմոնական] աստվածաբանությունը ամբողջությամբ կապված ավանդական ընտանիքի հետ»:
«Արդի աշխարհում, որտեղ ամուսնությունը և երեխաները ավելի ու ավելի են մեկուսացվում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մենակ չէ ավանդական ընտանիքը` որպես իր կարևորագույն վարդապետական տարրերից մեկը ճանաչելու գործում», - ասաց նա` ավելացնելով, որ Ֆրանցիսկոս պապը, Հարավային Մկրտչական Կոնվենցիան և այլ եկեղեցիներ ու նշանավոր Քրիստոնյա առաջնորդներ նույնպես աջակցում են ավանդական ընտանիքի գաղափարին:
Երեց Բալլարդը բացատրեց Եկեղեցու դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ, որն ուրվագծված է եղել 20 տարի առաջ` «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Նա ասաց. «Այս վարդապետությունը բացատրում է մեր ամուր դիրքորոշումը ընտանիքի վերաբերյալ: Մենք նաև հավատում ենք, որ մենք պիտի օգնենք բոլոր մարդկանց հասկացողությամբ, սիրո և կարեկցանքի միջոցով»:
Հայտարարությունում, որը ստորագրել են Առաջին Նախագահությունը և ՏասներկուԱռաքյալների Քվորումը, նշվում է. «Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատված է Աստծո կողմից և ... ընտանիքն առանցքային է Արարչի ծրագրում՝ նվիրված Իր զավակների հավիտենական ճակատագրին»:
Երեց Բալլարդը նաև շեշտադրել է տաճարների կարևորությունը մորմոնների համար: «Տաճարները շատ կարևոր են Վերջին Օրերի Սրբերի համար, որովհետև նրանց ներսում զույգերն ամուսնանում են «ժամանակի և ողջ հավերժության համար», ոչ թե պարզապես «մինչև մահը կբաժանի ձեզ»:
«Մենք պիտի ի մի բերենք ողջ աջակցությունը` որքան կարող ենք, որպեսզի ամրապնդենք ու պաշտպանենք մեր հավատքը, ընտանիքներն ու ազատությունը: Ոմանք ակտիվորեն փորձում են զրկել մեզ այդ իրավունքներից »,- ասաց նա:
Երեց Բալլարդը նաև խրախուսեց դահլիճում գտնվողներին` «ընկերակցության ձեռք մեկնել նրանց, ում հետ մենք համաձայն չենք»: Նա մեջբերել է Եկեղեցու աջակցությունը վերջերս Յուտա նահանգի կողմից ընդունված օրենսդրությանը, որը պաշտպանում է ԼԳԲՏ (լեզբիան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց աշխատանքից հեռացնելու կամ բնակավայր տրամադրելու մերժումից` նրանց սեռական կողմնորոշման պատճառով: Օրենսդրությունը պաշտպանում է նաև կրոնական ազատությունը:
«Փոխզիջման գնալով և սեր ցուցաբերելով Աստծո բոլոր զավակների հանդեպ, ովքեր մեր եղբայրներն ու քույրերն են, մենք կարող ենք ստեղծել խաղաղ և բազմերանգ գոբելեն` իդեալներով ու հավատալիքներով», - ասաց Երեց Բալլարդը: «Հիշեք, որ ամուսնացած, թե միայնակ, ի վերջո, մենք բոլորս Աստծո մեծ ծրագրի մի յուրահատուկ մասն ենք»:
Ընտանիքների համաշխարհային կոնգրեսը նախկինում անցկացվել է Սիդնեյում, Մադրիդում և Ամստերդամում: